Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպել էր կանանց միջազգային ընկերական մրցաշար, որը կրում է Our Game անվանումը։ Մրցաշարին մասնակցեցին կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։
Այսօր կայացան մրցաշարի վերջին հանդիպումները․ խաղային օրվա, ինչու և ոչ, մրցաշարի կարևորագույն հանդիպումը կայացավ Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև, փոխանցում է armsport.am-ը:
Առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը պարտվում էր 0-1 հաշվով։ Լիտվայից հանդիպման հաշիվը բացեց Ռիմանտե Ջոնուսայտեն: Երկրորդ խաղակեսում մեր աղջիկները Օլգա Օսիպյանի գոլի շնորհիվ կարողացան հավասարեցնել հաշիվը։ Սակայն քիչ անց Լիտվան կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Լյուսիա Վայտուկայտիտեն։ Բայց մեր աղջիկները դրսևորեցին կամային բացառիկ որակներ և կարողացան ի վերջո խուսափել պարտությունից․ խաղավարտին մոտ Նենսի Ավեսյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։
Լիտվան այս խաղից հետո վաստակեց 7 միավոր՝ դառնալով մրցաշարի հաղթող։ Հայաստանի հավաքականն իր ակտիվում ունի 5 միավոր և երկրորդն է։
Ապրիլի 12-ին կայացավ նաև մրցաշարի վերջին տուրի առաջին հանդիպումը: Հորդանանի հավաքականը 6:0 հաշվով հաղթեց Լիբանանին և ևս վաստակեց 4 միավոր: