Ֆրանսիան նոր միջուկային ռեակտորներ կկառուցի՝ օտար երկրներից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար

Ֆրանսիան նոր միջուկային ռեակտորներ կկառուցի՝ արտասահմանյան երկրներից էներգակիրների մատակարարման հարցում իր կախվածությունը նվազեցնելու, գլոբալ տաքացման նպատակներին հասնելու եւ գները հսկողության տակ պահելու համար:

Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է News.am-ը։
Մակրոնն ասել է, որ նոր ռեակտորներ կառուցելու որոշումն անհրաժեշտ է «խելամիտ» գների պահպանման համար։ «Մենք պատրաստվում ենք տասնամյակների ընթացքում առաջին անգամ վերսկսել միջուկային ռեակտորների կառուցումը մեր երկրում եւ շարունակել զարգացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները»,- ասել է Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Դա պետք է «երաշխավորի Ֆրանսիայի էներգետիկ անկախությունը, երաշխավորի մեր երկրի էլեկտրամատակարարումը եւ օգնի հասնել մեր նպատակներին, մասնավորապես` ածխածնի չեզոքությանը մինչեւ 2050 թվականը»:
Մինչ Եվրոպան պայքարում է էներգակիրների գների կտրուկ աճի դեմ, Ֆրանսիան հարեւաններից, ինչպիսին է Գերմանիան, տարբեր ճանապարհ է բռնում: Գերմանիան արձագանքեց 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած Ֆուկուսիմայի միջուկային աղետին՝ արագացնելով ռեակտորից հրաժարման իր ազգային սխեման:
Մակրոնը մանրամասներ չի հայտնել, սակայն սպասվում է, որ նրա կառավարությունն առաջիկա շաբաթներին կհայտարարի մինչեւ վեց նոր ռեակտորի կառուցման մասին։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով