Ստեփանակերտում մեկնարկել է գիտագործնական համաժողով «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համաժողովի մասնակիցները  նախ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան  պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին:
Բացման խոսքում ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Բալայանը նշել է, որ գիտագործնական համաժողովը միտված է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո արդի քաղաքական գործընթացների հոլովույթում Արցախյան  հիմնախնդրի անաչառ ու հիմնավոր քննարկմանն և համապատասխան եզրահանգումներ կատարելուն:
«Ակնհայտ իրողություն է, որ ներկա ժամանակներում հանրության շրջանում գերակշռող է դարձել մտահոգութոյուններն ու երբեմն նաև հուսահատությունն ու իրավիճակային թվացյալ անելանելի տրամադրությունները: Ստեղծված պայմաններում, մեր կարծիքով, առավել մեծ է հայ քաղաքական գործիչների, մտավորականության դերը հանրությանն անվտանգ ու ճիշտ ճանապարհով առաջնորդելու և դրանով իսկ բազում ու բազմապիսի փորձություններ հաղթահարած մեր հայրենիքի պահպանումն ու պաշտպանությունը երաշխավորելու գործում»,-ասել է Վ.Բալայանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջույնի խոսք է հղել գիտագործնական համաժողովի մասնակիցներին, որը ներկայացրել է Նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
Համաժողովի լիագումար նիստի բացմանը ներկա էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով նույնպես ողջունել ու  կարևորել է  նախաձեռնությունը, անդրադառնալով  նաև  Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը և  Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող  հարցերի:
 
«Հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարը: Մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո  շարունակելու: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար: Ներկա դրությամբ մեր առաջնային խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է»,-նշել է Ա. Թովմասյանը:
Արցախում մեկնարկած համաժողովը կարևորել և մասնակիցներին ողջույնի խոսք է հղել նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որը  ներկայացրել է պետնախարարի խորհրդական Նարինե Աղաբալյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն արդիական է համարել գիտագործնական համաժողովի թեման՝ նշելով, որ այն  միաժամանակ դիվանագիտական նրբություն է պարունակում:
«Քննարկվող թեմաները ոչ մեկին չեն կարող անտարբեր թողնել, քանի որ Արցախը, ինչպես և ամբողջ աշխարհը, կանգնած է ներքին ու արտաքին սպառնալիքների և մարտահրավերների առջև: Կրթական համակարգը, գիտության ոլորտն առաջիններից են, որոնք  իրավիճակի ցանկացած դրսևորման դեպքում ընդունում են հարվածը: Բազմիցս պատմությունն ուսուցանել և ապացուցել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության, ազգային ինքնության, ազգային արժեքների, պետականության պաշտպանության երաշխիքներն են հայ զինվորը, գիտնական- մտավորականների սուր միտքն ու գրիչը և հմուտ դիվանագետը»,-ընդգծել է Հ.Մինասյանը:
Գիտագործնական համաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ը: Այդ ընթացքում թեմատիկ զեկույցներ կներկայացնեն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ, գիտավերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, պատմաբաններ  ու վերլուծաբաններ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով