Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված:  Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով:

Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝  ԼՂ-ում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է: Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած ռուսական հումանիտար 1 բեռնատարը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ:

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով Կոռնիձորի մոտ շարունակում են ԼՂ-ի մուտքի հնարավորությանը սպասել:

«Ձեռնարկվում են բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։ Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- հավելեց գործադիրի ղեկավարը։

Ի դեպ, Փաշինյանը նաև հայտնեց, որ  ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Ըստ նրա՝  կաշխատեն ու սեղմ ժամկետում կներկայացնեն մեր մեկնաբանությունները։

«Խաղաղությունը  մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը»,- ասաց նա։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով