Սնունդ ու անկողնային պարագաներ արցախցիների կողմից արցախցիների համար

Հադրութից ու Շուշիից տեղահանված շուրջ չորս հարյուր արցախցի, ովքեր պատերազմի օրերից ապաստանել են Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր և Գոլդեն Փելես հյուրանոցներում, փորձում են վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին:

Այս մասին հայտնում են  Հայաստան համահայկական հիմնադրամից։
Հաղորդագրությունում նշվում է, որ ընտանիքներն անհամբերությամբ սպասում են իրենց բնակարանային հարցի կարգավորմանը, բայց բաց չեն թողնում նաև որևէ կերպ զբաղված լինելու առիթը: Նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզի ծառությունից օգտվում են հենց տեղում, իսկ դպրոցականները հաճախում են մոտակա կրթական հաստատություններ: Կանայք ու տղամարդիկ էլ հերթափոխով և շաբաթվա համար հատուկ մշակված ճաշացանկով հանձն են առել սննդի պատրաստման ու սպասարկման գործառույթը: Պահեստներում ամբարված մթերքը ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:
«Յուրաքանչյուր շաբաթվա համար ունենք հաստատված մենյու, օրվա պատասխանատուն բաշխում է սննդամթերքը, իսկ հերթապահներն անցնում են նախաճաշի, ճաշի ու ընթրիքի պատրաստմանը»,-ասաց Հադրութի բնակիչ Սուսաննա Առուստամյանը:
Արցախցիներից մի մասի զբաղվածության հարցն էլ լուծել է «Փրոջեքթ Հոփ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հյուրանոցների տարածքում արդեն չորս ամիս է՝ գործում է կարի արտադրամաս, որտեղ ներկայում զբաղված է 20-ից ավելի արցախցի:
Նրանք նախ անցել են վերապատրաստում, ապա սկսել աշխատանքը նորաբաց արտադրամասում, որտեղ բարձ, վերմակ և անկողնային այլ պարագաներ են կարում արցախցի մյուս ընտանիքների համար: Արտադրամասի առաջին պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր, որը մինչ այժմ ձմեռային անկողնային հավաքածուներ է տրամադրում պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող ընտանիքներին:
«Փրոջեքթ Հոփ Արմենիա» ՀԿ-ի մարքեթինգի մասնագետ Ջուլիետա Նիկողոսյանի խոսքով՝ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է, այս պահին պատրաստում են անկողնային պարագաների երկրորդ խմբաքանակը: «Արցախցիները բաժանվեցին խմբերի, մենք նրանց սովորեցրեցինք կար ու ձև, իհարկե, բոլոր նրանց, ովքեր ցանկացան:
Մի քանի ամսվա ընթացքում նրանք այնքան են հմտացել, որ կարողանում են ընդունել կարի հետ կապված ցանկացած պատվեր՝ մեկանգամյա հողաթափերից սկսած մինչև խալաթներ և անկողնային պարագաներ»,-նշեց Ջուլիետա Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում շուրջ 13 արցախցի սպասում է դասընթացների իր հերթին, որից հետո կանցնի աշխատանքի:
Վերջերս մասնագիտացել են նաև անթև բաճկոնների արտադրության գործում: Առաջիկայում էլ նախատեսում են ընդլայնել գործունեությունն ու կաշվե իրերի արտադրություն հիմնել՝ հավելյալ աշխատատեղեր ստեղծելով արցախցիների համար՝ զարգացնելով նաև նրանց միջին մասնագիտական հմտությունները:

 

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով