Սակրավորները Մարտակերտ քաղաքի ծայրամասում ականազերծման աշխատանքներ են իրականացնում

 

Խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են մաքրել Արցախի տարածքը ականներից և պայթյունավտանգ առարկաներից:

 

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

 

«Ներկայում ռուսաստանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Այստեղ՝ գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված տարածքներում, մարտական գործողությունների ժամանակ գտնվում էին հրետանային դիրքերը: Ներկա պահին տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները՝ մինչև տարածքի ամբողջական ականազերծում չլինի»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

 

Գերատեսչությունից հայտնում են, որ վերջին օրերի ընթացքում Մարտակերտի տարածքում ռուս սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկեր և պայթուցիկ նյութեր:

 

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 1960 հա տարածք, 605 կմ ճանապարհ, 1692 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 484 պայթուցիկ առարկա:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով