Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Ասկերանի շրջանի Վարդաձոր (Փիրջամալ ) բնակավայր:
Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները շահույթ չհետապնդող «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ինքնավար կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու համար գազի այրիչներ և այլ գույք են փոխանցել Վարդաձորում բնակվող 15 բազմազավակ ընտանիքի, փոխանցում է Aysor.am-ը:
Ընտանիքներին օգնելուց բացի, գյուղի բուժկետին փոխանցվել է առաջնային ախտորոշման հավաքածու։
Շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ բնակավայրում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը երկու մարդասիրական գործողություն է իրականացրել, որի ընթացքում տեղի բնակչությանը փոխանցվել է առաջին անհրաժեշտության ավելի քան 1 տոննա իր, դեղամիջոց և սննդի հավաքածու: