Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 ռազմավարական գործընկերն է․ Արամայիս Աղաբեկյան

ԱՀ ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 ռազմավարական գործընկերն է․ սա պետք է ֆիքսել և շարժվել առաջ:

Միջազգային հարաբերությունները սիրախաղերից, կամայականություններից և պահական որոշումներից հեռու բարդ գործընթացներ են, որոնց հիմքում ընկած են պատմական փորձը, գոյություն ունեցող իրողությունները և առնվազն մի քանի տասնամյակ ավելի առաջ հաշվելու և գնահատելու ունակությունը: Այս երեք՝ մեկը մյուսից ոչ պակաս կարևոր գործոնները գալիս են մեզ հուշելու, որ Հարավային Կովկասում մեր կենսունակության և զարգացման հիմնական մոդելը ուղղակիորեն պայմանավորված է Ռուսաստանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունների խորացմամբ:

Սկսենք պատմական փորձից, որը մեզ տանում է դեպի մեկդարյա համատեղ պետականություն: Արևելյան Հայաստանը 1804-1813 թվականների, ինչպես նաև 1826-1828 թթ․ ռուս-պարսկական և 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմների արդյունքում միանում է Ռուսական կայսրությանը, որը մշակութային և կրոնական տեսանկյունից ավելի հոգեհարազատ էր մեզ։ Այդ միացման արդյունքում մեզ հաջողվում է ոչ միայն ինքնապահպանվել, այլև զարգանալ: Ընդ որում՝ այդ գործընթացը առաջինը սկսում է Արցախը. 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրում առանձին դրված են նաև Արցախի մելիքների կնիքները, որոնց հնարավորություն էր տրվում ստանալ բարձրաստիճան զինվորականի կարգավիճակ: Հատկանշական է նշել, որ ռուս-թուրքական պատերազմների ավարտից հետո փուլ առ փուլ Արևելյան Հայաստան են վերադառնում մոտ 120 000 հայեր, և մեծաքանակ իսլամադավան բնակչություն լքում է մեր հայրենիքը:

Առաջին հանրապետության կարճատև գոյությունից հետո, աշխարհաքաղաքական զարգացումները մեզ նորից տանում են Ռուսաստանի հետ համատեղ տնտեսական և անվտանգային մեխանիզմներ ստեղծելուն, որն այս անգամ տևում է 70 տարի: Խորհրդային Հայաստանը ժամանակի ընթացքում դառնում է Խորհրդային Միության տեխնոլոգիական հսկաներից մեկը: Թռիչքային զարգացում է տեղի ունենում բոլոր ոլորտներում՝ լեռնարդյունաբերությունից սկսած մինչև կրթություն: Իհարկե, լինում են նաև ոչ հայանպաստ որոշումներ, ինչպիսին Ստալինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ մտցնելն է, որից ապագայում Խորհրդային Միությունը, հանձին դոմինանտ Խորհրդային Ռուսաստանի, պիտի անկասկած տուժեր: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի անարդար լուծումը հետագայում պիտի դառնար Խորհրդային Միության աքիլլեսյան գարշապարը, անբնական եղանակով տրված լուծումը ուղիղ համեմատական պիտի դառնար Հարավային Կովկասում ռուսական ազդեցության նվազմանը:

Հատկանշական է, որ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմում հայկական կողմի հաղթանակը Ռուսաստաանին բերեց բառիս բուն իմաստով վերադարձ Հարավային Կովկաս՝ որպես դոմինանտ և թելադրող: Այս առումով ռուսական և հայկական շահերը համադրելի եղան: 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը, իմ խորին համոզմամբ, երկարաժամկետ ապագայում անհամադրելի Է նաև Ռուսաստանի համար: Վստահ եմ, որ սա գիտակցում են նաև Կրեմլում և Լուբյանկայում:

Գոյություն ունեցող իրողությունների մասով պատկերն առավել քան պարզ է: Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որն ապահովում է հայ-թուրքական շփման գիծը և ստրատեգիական կարևոր կետ է Հայաստանի և Ռուսաստանի համար: Ռուսական 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչ հանդիսացող Էրեբունու ռազմական օդանավակայանը ժամանակին օգտագործվեց որպես Ռուսաստանից Սիրիա ուղևորվող СУ-30СМ բազմանպատակ կործանիչների վառելիքի վերալիցքավորման կանգառ։ Այն սիրիական սահմանից գտնվում է 370 կմ հեռավորության վրա։ Մինչդեռ Ռուսաստանի տարածքում ամենահարավային՝ Մոզդոկի օդակայանից մինչև Սիրիա հեռավորությունը երկու անգամ ավելի մեծ է։

Հայաստանը և Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ պետություններ են, որը ենթադրում է կոլեկտիվ անվտանգային մեխանիզմներ և որտեղ, չնայած կանոնադրական որոշ անհարթությունների, միևնույն է, Ռուսաստանը շարունակում է պահել մեծ եղբոր կարգավիճակը: Այս երկու երկրները 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքել են նաև բարեկամության, համագործակցության և ռազմական փոխադարձ օգնության պայմանագիր, բազմաթիվ են տնտեսական, մշակութային և այլ տիպի փոխադարձ շահ հետապնդող համաձայնագրերն ու պայմանագրերը:

Եվ վերջապես, Արցախում տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք արցախցիների անվտանգության երաշխավորը և տարածաշրջանային կայունության պատասխանատուն են։

Ինչ վերաբերում է երկարաժամկետ ապագայի պլանավորմանը, ապա այս գործոնը սերտորեն կապված է վերևում նշված գործոնների հետ և իրարից անկախ չի կարող գոյություն ունենալ: Կան վերազգային, աշխարհաքաղաքական գործընթացներ, որից չի կարող անմասն մնալ Հայաստանը: Տարածաշրջանում առանձնապես մեծ չեն Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերների ընտրության հնարավորությունները, և այդ համատեքստում Ռուսաստանը շարունակում և շարունակելու է մնալ Հայաստանի թիվ 1 ստրատեգիական ռազմավարական գործընկերը:

Երկարաժամկետ ապագայում Ուժեղ Հայաստանը նաև ՈՒժեղ Ռուսաստան է:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով