Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության կողմից դեպի Թուրքիա թռիչքները մինչև հունիսի 1-ը ժամանակավորապես դադարեցնելու որոշմանը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի արտգործնախարարը ընդգծել է, որ դեպի Թուրքիա թռիչքները սահմանափակելու որոշումը քաղաքական պատճառներ չունի։ Չավուշօղլուի խոսքով առաջիկայում Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Թուրքիա, որը տեղում կուսումնասիրի իրականացվող առողջապահական միջոցառումները։
Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Սա ամբողջովին առողջապահական պատճառներով ընդունված որոշում է։ Նրանց հայտնել ենք մեր պահանջը, որ ցանկանում ենք Ռուսաստանի հետ համագործակցություն ծավալենք, ինչպիսին նախորդ տարի իրականացրել ենք Գերմանիայի հետ։ Այս շրջանակներում Ռուսաստանից պատվիրակություն կժամանի, որը տեղում կտեսնի Թուրքիայում իրականացվող միջոցառումները»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է PERSONA-ն, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը՝ այդ երկրում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճի պատճառով։