Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորություններին։ Ինչպես փոխանցում է REUTERS լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն ընդգծել է, որ նման քայլը էլ ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունները։

Չավուշօղլուի խոսքով Թուրքիան ընդունում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում բնակվող որոշ հայեր օսմանյան զինված ուժերի հետ բախումների արդյունքում սպանվել են, սակայն հերքում է, որ սպանությունները կրել են համատարած բնույթ և որ դրանք ցեղասպանություն են եղել։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենք համաձայն չեն սպանված նաև քաղաքացիների թվերի հետ։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախկինում՝ տասնամյակներ շարունակ, ԱՄՆ կոնգրեսում եղել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, սակայն նախագահերը խուսափել են այդ որոշումից՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները , ինչպես նաև Անկարայի ակտիվ լոբիստական գործունեությունը։ Թուրքական Հաբերթուրք լրատվականին տված հարցազրույցում Չավուշօղլուն պատասխանելով այն հարցին, թե Բայդենի կլինի՞ ԱՄՆ առաջին նախագահը, ով կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Չավուշօղլուն հայտնել է, որ ԱՄՆ-ն պետք է հարգի միջազգային իրավունքը։

Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ նման արտահայտությունները, որոնք իրավական հիմք չունեն, որևէ օգուտ չեն տա, բայց միևնույն ժամանակ կվնասեն թուրք-ամերիկյան հարաբերությունները։ «Եթե ԱՄՆ-ն ցանկանում է էլ ավելի վատթարացնել երկկողմ հարաբերությունները, ապա որոշումը իրենցն է»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ սենատը 2019 թվականին ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել, որը պարտադիր բնույթ չի ունեցել։ Չավուշօղլուն հավելելով, որ երկու երկրների հարաբերություններում առկա են մի շարք խնդիրներ, ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2021 թվականի հունվարի 20-ից հետո, երբ Ջո Բայդենը ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը, վերջինս դեռևս հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով