Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներ Ռիշի Սունակը, Օլաֆ Շոլցը, Ջորջա Մելոնին, Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը համատեղ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրադրությունը՝ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի գործողությունները և լիակատար աջակցություն հայտնելով Իսրայելին։ Լուրը «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնի է դարձել Իտալիայի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունից:
Ղեկավարները «քննարկել են առավել անհետաձգելի քաղաքական նախաձեռնությունները, որոնք պետք է ձեռնարկվեն համատեղ»։ Մասնավորապես, նշվել է, որ պատանդների կյանքի պաշտպանությունը, սկսած երեխաներից, բացարձակ առաջնահերթություն է, «դրա վրա կկենտրոնացվեն դիվանագիտական ջանքերը»։
«Մելոնին, վերահաստատելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, մատնանշել է, որ անհրաժեշտ է աշխատել՝ կանխելու ճգնաժամի տարածումը տարածաշրջանային մակարդակով և պաշտպանելու հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը», — ասված է հայտարարության մեջ։
Հինգ ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները: