Հունաստանի արտգործնախարարը այցելել է Թուրքիա

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը այսօր աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Դենդիասին այսօր կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդիպմանը կմասնակցի նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքիան արագացրել է իր գրոհները Արևելյան Միջերկրական ծովում։ Լիբիայի պատվիրակությունը օրեր առաջ ժամանել էր Անկարա, իսկ նույն օրը Դենդիասը գտնվում էր Լիբիայում։ Թուրքիան նաև սկսել է քայլեր ձեռնարկել Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որի հետ Աթենքը համագործակցում էր։

Նման իրավիճակում Հունաստանի արտաքին գործերի նախարարը կարևոր այցով գտնվում է Թուրքիայում։ Էրդողանի և Չավուշօղլուի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև առկա տարբեր հարցեր՝ մասնավորապես Արևելյան Միջերկրական ծովի, փախստականների ճգնաժամի, Կիպրոսի և Էգեյան ծովի հետ կապված խնդիրները։
Ակնկալվում է, որ Թուրքիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպումից հետո Թուրքիայի նախագահական պալատում համատեղ մամուլի ասուլիս կիրականացնեն։

Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարը Ստամբուլում՝ Հունաստանի գլխավոր հյուպատոսարանում հանդիպում է ունեցել նաև Պոլսո հունաց պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով