Հայ կինոյի օրը նշվում է ապրիլի 16-ին

Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝  Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացվեց նոր՝ 4․1-րդ հոդվածով․ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:

Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ է կապվում հայկական կինոյի ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը՝ թողնելով ներկան գալիք սերունդներին։

Միայն մեկ օր՝ ապրիլի 16-ին, բոլոր կինոթատրոնները ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր՝ նշանավորելով Հայ կինոյի ծնունդը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ՝ «Մոսկվա», «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար»՝ (Երևան), «Հոկտեմբեր» (Գյումրի), «Քաջարան» (Քաջարան), «Սյունիք» (Կապան) և այլն։ Իհարկե, «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» կինոթատրոնները թեև միացել են արշավին, բայց ցուցադրրելու են իրենց ընտրած ֆիլմերը։

Իսկ «Մոսկվա» կինոթատրոնը ցուցադրելու է միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես կարճամետարաժներ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։   ՄՈՍԿՎԱ կ/թ-ում ապրիլի 16-ին՝ ժամը 12։00-ից մինչև երեկոյան 17։00-ը կցուցադրվեն հայկական 3 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր  (խաղարկային, անիմացիա)։

Սույն կինոարշավին միացել է  նաև Տավուշի մարզը․տեղի բոլոր ցուցադրության հնարավորություն ունեցող դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։

Հայ կինոյի օրվա առիթով, Ազգային կինոկենտրոնը ZOOM հարթակում կազմակերպելու է ՝ «Հայ կինո, ներկա և ապագա» հայաստանյան և սփյուռքի կինոգործիչների առցանց հանդիպում, որտեղ կքննարկվեն հայկական կինոյի առկա խնդիրները, անելիքներն ու հեռանկարները։ Մասնակիցների թվում են լինելու Ատոմ Էգոյանը (Կանադա), Անահիտ Աբադը (Իրան), Ժուլի Փարադիանը (Ֆրանսիա), Օֆելյա Հարությունյանը (Հայաստան-ԱՄՆ), Նորիկ Քեշիշյան (Գերմանիա), Քերին Արիկիանը (ԱՄՆ-Գերմանիա), Գորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), Նորա Մարտիրոսյանը (Ֆրանսիա) և այլք։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝  Հայ կինոյի օրվա միջոցառումներից հետո, սկսելու է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարունակական շարք՝ մինչև տարեվերջ, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին։ Հիշյալ ծրագրին են միացել երևանյան և մարզային կինոթատրոնները («Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», «Քաջարան», «Սյունիք», «Հոկտեմբեր»):

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով