«Հայաստան» հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը. Փաշինյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն, 2018 թվականից հետո հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: Վայոց ձորի Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա համարելով նաև իշխանության նկատմամբ սփյուռքի վստահության ապացույց
 
«Ոմանք ուզում են ասել, թե երրորդ հանրապետության պատմության մեջ սփյուռքի հետ հարաբերությունները լավ են եղել, այս իշխանության օրոք հարաբերությունները վատացել են: Այս հարցի մասին էլ կարող ենք թվերով խոսել»,-ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը հիշեցրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին: «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն: 2018 թվականից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: «Իհարկե, դրա զգալի մասը, մեծ մասը 44-օրյա պատերազմի ընթացքում: Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը: Եվ սա ինչի՞ մասին է վկայում. որ իշխանությանը չվստահեին՝ այդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին»,-ասաց նա:
 
Վարչապետը նկատեց, որ փորձեցին նաև կասկածի տակ դնել, թե ինչքանով է հիմնադրամի միջոցներն արդյունավետ ծախսվել, սակայն դա էլ չի ստացվել: ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ Արցախում ավելի քան 100 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացնելու: «Սա նշանակում է, որ այս մի ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի մեծ կամ նույնպիսի ծրագիր է իրականացնելու, քան նախկինում Արցախում իրականացված բոլոր ծրագրերը միասին վերցրած»,-ասաց Փաշինյանն ու սա շատ կարևոր արձանագրում համարեց:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով