Հայաստանն անցել է դիվանագիտական հակահարձակման. Коммерсантъ

Հայաստանն աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է սկսել դրսևորել՝ ձգտելով ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության պատմություն ավարտված չէ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ գլխավոր քայլերից մեկն այդ ճանապարհին դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 12-ի այցը Մոսկվա:

Պարբերականը նշում է, որ հայկական պետական կառույցների իր աղբյուրը մասնավորեցրել է, որ առաջնորդների զրույցը մոտ երեք ժամ է տևել, իսկ «օրակարգում ներառվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երեք երկրի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի պայմանավորվածությունների շրջանակում:

«Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում Երևանում ակնկալում են դրական տեղաշարժեր Հայաստանին հուզող հարցերի շուրջ, հատկապես՝ երկրի պաշտպանունակության վերականգնման և անվտանգության ապահովման վերաբերյալ: Իսկ դիվանագիտական ջանքերի ակտիվացումը մեկնաբանում են նրանով, որ վերջապես հաջողվել է հաղթահարել պետական ապարատի բնականոն աշխատանքի խախտումը, որը տեղի էր ունեցել պատերազմից հետո»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

«Վերջերս կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունն սկսել են ակտիվ աշխատել: Նրանք ձգտում են ստանալ Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի աջակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցերով, որն այլընտրանք է ադրբեջանական այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքին, որը կոչված է ցամաքային կապ հաստատելու Ադրբեջանի հարավային շրջանների և Նախիջևանի անկլավի միջև»,- պարզաբանել է պարբերականի աղբյուրը:

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի դիվանագիտական ակտիվությունը չի սահմանափակվում միայն Ռուսաստանով: «Թաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի ֆոնին Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը: Թեև դա այնքան էլ լայնորեն հայտնի չէ, Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա կապերը քիչ չեն: Օրինակ, բազմաթիվ հնդիկ ուսանողներ Երևան են գալիս մատչելի և որակյալ բարձրագույն կրթություն ստանալու համար: Բացի այդ, Ադրբեջան իր մտերիմ դաշնակիցներին մեկը համարում է Պակիստանը, որի հետ Հնդկաստանն ավելի քան կեսդարյա հակամարտություն է վարում Ջամմու և Քաշմիր նահանգի հարցի շուրջ: Հնդկաստանի արտգործնախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հետաքրքրվածությանն իրանական Չաբահար նավահանգստի օգտագործման հարցում, որի նախագիծը զարգացնում է Հնդկաստանը»,- նշում է հոդվածի հեղինակը:

Աղբյուրն ընդգծում է նաև Իրանի հետ կապերը, որին «Հայաստանում ընդունում են որպես դաշնակցի Ադրբեջանի դեմ դիմակայության գործում»:

«Իրաը հարևանների հետ հարաբերություններում ղեկավարվում է բարի դրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չի տա ահաբեկիչների տեղակայումը երկրի սահմանների երկայնքով»,- պարբերականը հիշեցնում է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերիի խոսքը, որով նա հանդես է եկել Երևանում:

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել է, որ Իրանը և Ռուսաստանը այն քիչ թվով երկրներից են, որոնք դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում խոսել են Ղարաբաղում ահաբեկիչների ներկայության մասին, որոնք մարտական գործողությունների էին մասնակցում Ադրբեջանի կողմից: Այս մասին հիշելն այս պահին Իրանի համար, ըստ մասնագետի, շահեկան է երկու պատճառով: «Առաջին հերթին դա լեգիտիմ առիթ է անդրսահմանային հակաահաբեկչական ռազմական գործողություններ իրականացնելու համար, ինչը գիտակցում են Ադրբեջանում: Երկրորդ, Իրանը հասկանում է, որ ահաբեկիչները տարածաշրջանում են հայտնվել Թուրքիայի նախաձեռնությամբ: Այդ իսկ պատճառով հայտարարություններն արվել են, որպեսզի ճնշում գործադրվի Թուրքիայի վրա և խափանելու համար այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման թուրք-ադրբեջանական գաղափարը»,- նկատել է իրանագետը:

Ինչպես աղբյուրը նկատում է, չի բացառվում, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամը շուտով կնվազի: Համենայն դեպս, երկրների ԱԳ նախարարները արդեն շփում են ունեցել և քննարկել են առկա խնդիրները:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով