Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակներում 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի ընտրանու հետ։ Խաղը տեղի ունեցավ խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքի մարզադաշտում։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ խորվաթների տարածքային և խաղաղային բացահայտ առավելությամբ, չնայած որ հանդիպման հաշիվը բացելու առաջին լավ հնարավորությունը ստեղծեցին Խոակին Կապառոսի սաները։ 4-րդ րոպեին Էդգար Բաբայանի հեռավար հարվածը փոքր-ինչ շեղությամբ անցավ մրցակցի դարպասաձողի կողքով, և սա առաջին կեսում Հայաստանի հավաքականի կատարմամբ միակ վտանգավոր հարվածն էր։ Խաղի հաշիվը բացվեց 24-րդ րոպեին։ Անկյունայինից Լուկա Մոդրիչի կատարած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Իվան Պերիշիչը։ Հետագայում ևս խորվաթները մի քանի գոլային պահ ունեցան, սակայն թիմերը ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում:

Թեպետ երկրորդ խաղակեսում խորվաթների առավելությունը ևս ահռելի էր, սակայն Հայաստանի հավաքականը սկսեց ակտիվության նշաններ ցույց տալ։ Մեր թիմի խաղը էլ ավելի ակտիվացավ, երբ փոխարինման մտան Վահան Բիչախչյանն ու Ժիրայր Շաղոյանը, որոնք արագ հակագրոհներ էին կազմակերպում։ Հենց այդ հակագրոհներից մեկն էլ 72-րդ րոպեին հաջողությամբ ավարտվեց։ Ժիրայր Շաղոյանը հարվածի դուրս բերեց Վբեյմար Անգուլոյին, որն էլ հեռվից կատարած շեշտակի հարվածով դարձավ հրաշալի գոլի հեղինակ։ 79-րդ րոպեին արդեն մեր հավաքականի տղաները կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Կամո Հովհաննիսյանի՝ սուր անկյունից կատարած պտտեցրած հարվածից հետո խորվաթների դարպասապահը կարողացավ փրկել իր թիմին։ Եվ չնայած թիմերի հետագա ջանքերին, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, ոչ-ոքի՝ 1։1։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ընտրանու հետ։

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով