Հավաքականի մարզմանը մասնակցում էր 25 ֆուտբոլիստ: Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչ մարզումը:
Մնացած ֆուտբոլիստները մասնակցեցին թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր ժամանակահատվածներում աշխատում էին անհատական ծրագրով ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ:
Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով:
Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: