Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող մարդասիրական իրավիճակով. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք կրկնում ենք Լաչինի և Աղդամի (Ակնա) երթուղիների անհապաղ և միաժամանակ բացման և Լեռնային Ղարաբաղում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաներին չափազանց անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները թույլ տալու մեր կոչը, որով պետքարտուղարը հանդես եկավ շաբաթավերջին արված հայտարարության մեջ: Մենք կոչ ենք անում ղեկավարներին, ինչպես որ դա արեց քարտուղարն իր հայտարարությունում, չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից:
Բացի այդ, մենք մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, սակայն ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում այդ, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հայտարարվել էին վերջին օրերին», — ասել է Միլլերը:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով և որ պետքարտուղար Բլինկենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված կլինեն այս հարցում: