Կարմիր շուկա համայնքում աշնանացանի աշխատանքները բնականոն հունով են ընթանում. համայնքապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի սահմանամերձ Կարմիր շուկա համայնքում աշնանացանի աշխատանքները բնականոն են ընթանում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Նարեկ Աթայանը՝ հավելելով, որ ամբողջությամբ իրականացվել է հերկը և արդեն ընթացքում են նախացանքսային աշխատանքները:

 

«Մոտ 200 հեկտար աշնանացան է կատարվելու: Բարեբախտաբար տարին բարենպաստ էր և լավ բերք ենք ստացել: Բնակիչներին Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից տրամադրվել էր բարձրորակ սերմացու: Արդյունքները բավականին գոհացուցիչ են եղել»,-ասել է Ն. Աթայանը՝ հավելելով, որ Կարմիր շուկայում հիմնական զբաղմունքը հողի մշակությունն է:

 

Անդրադառնալով անասնապահությանը, համայնքի ղեկավարը նշել է որ արոտավայրերը գյուղից բավականին հեռու են գտնվում, ուստի հնարավոր չէ մեծ գլխաքանակով անասուններ պահել: Կարմիր շուկա համայնքի մեծաթիվ տնտեսությունները, ըստ մեր զրուցակցի, զբաղվում են հիմնականում խոզաբուծությամբ:

«Թեև փոքր գլխաքանակով, բայց պահում են նաև ոչխարներ ու թռչուններ: Ունենք նաև ջեմոցային տնտեսությամբ զբաղվողներ»,-տեղեկացրել է համայնքապետը՝ հավելելով, որ պատերազմից հետո գյուղում տեղահանված 17 ընտանիք է հաստատվել, որոնց Կարմիր Խաչի կողմից 30 քառակուսի մետր մակերեսով ջերմոցներ են տրամադրվել:

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով