Ի վերջո, ո՞վ է Գարեգին Նժդեհը, ինչու՞ է հայի համար այդքան կարևոր նրա կերպարը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բոլոր ժողովուրդները հերոսների կարիք ունեն: Հերոսների գործունեության հիմքում դրվում է ազգի հավաքական կերպարի մարմնացումը, նրա արժեքային համակարգը, մշակութային շերտը, որով իրացվում է տեսակի տարբերվելու իրավունքը: Հայի համար գլոբալ առումով այդ տեսակային մարմնացումը Գարեգին Տեր-Հարությունյանն է, նույն ինքը՝ Գարեգին Նժդեհը։
Գարեգին Նժդեհը ծնվել է Ռուսական կայսրության Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։ Ստանալով բացառապես ռուսական կրթություն՝ նա 17 տարեկանից լծվեց հայ ժողովրդի ազգային֊ազատագրական պայքարին: Այո’, Նժդեհը մի ամբողջ կյանք նվիրեց պայքարին՝ միշտ գերակա համարելով հայկականությունն ու հայկական շահը։
Նա որպես միակ և անշրջելի թշնամի ընդունում էր թուրքականությունը, ապրում էր «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով: Դրանով միայն կարելի բացատրել նրա մասնակցությունը Բալկանյան առաջին պատերազմին։ Բուլղարացիների կողքին, Անդրանիկ Օզանյանի հետ միասին, հայկական կամավորական վաշտով թուրքի դեմ պայքարեց նաև քաջ հայորդին և անգամ վիրավորվեց։
Նժդեհի պայքարը հայկականության և հայի տեսակի շարունակականության համար էր նաև Սյունիքում, որտեղ նա որպես թշնամի երբեք չդիտարկեց ռուսական կողմին: Ավելին. նա լքեց Սյունիքը, երբ խորհրդային իշխանությունների կողմից հաստատուն երաշխիք ստացավ, որ այն կմնա Հայաստանի կազմում։
Թուրք֊ադրբեջանական քարոզիչները Նժդեհի հայապահպանության և կերպարակերտության դեմ որոշեցին պայքարել՝ նրան ներկայացնելով որպես ֆաշիստ և որպես հակառուս՝ չնայած Նժդեհի համագործակցությունը գերմանացիների հետ հակաթրքականության և հայապահպանության խնդիր էր լուծում:
Նժդեհը հավաքագրել էր 30 արևմտահայ երիտասարդների, որոնք Բեռլինում մասնակցում էին հատուկ վարժանքների։ Նժդեհի կամքին հակառակ նրանք տարվում են Ղրիմ։ Սակայն Նժդեհին հաջողվում է համոզել գերմանացիներին՝ հայ մարտիկներին տեղափոխել Թրակիա՝ թուրքերի դեմ անհրաժեշտության դեպքում մարտնչելու համար։
Հատկանշական են երկու հայտնի նամակները, որոնք Գարեգին Տեր-Հարությունյանը գրել է Սիմոն Վրացյանին և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ստալինին: Առաջին նամակում նա խոսում է Թուրքիայից Խորհրդային Միությանը սպասվող վտանգի մասին և ասում է. «Ճիշտ է, մեծ են Հայաստանի պաշտպանողական միջոցները և անսպառ՝ Խորհրդ. Միութեան պոտենցեալը: Այդ այդպես լինելով հանդերձ՝ պանթուրանական երազներով ապրող Թուրքիոյ ներկայ վճռական կեցւածքը, նրա մահացու թշնամանքը դէպի հայութիւնը, ինչպէս եւ այն պարագան, որ պատմութեան մէջ առաջին անգամ լինելով համընկնում են, համերաշխում քրիստոնեայ Արեւմուտքի եւ Թուրքիոյ շահերը՝ լուրջ հիմք են տալիս խորապէս մտահոգւելու մեր ժողովրդի ճակատագրով »:
Երկրորդ նամակում խորհրդային իշխանության հետ համագործակցելու և միասնական շահով առաջնորդվելու հստակ առաջարկներ են և մի շարք հարցերի պատասխաններ. «Ես չմեկնեցի արևելյան ռազմաճակատ, ես թույլ չտվեցի, որ Թուրքիայի դեմ գործողությունների համար նախապատրաստված իմ տղաներին օգտագործեն հակասովետական ճակատում։ Ես չէի հայտնվում լեգեոններում ու ճամբարներում և այդ կերպ հասկացնել էի տալիս հայ ռազմագերիներին, որ պետք չէ պայքարել Գերմանիայի համար»։ «Իմ կապը գերմանացիների հետ եղել է հակաթուրքական հիմքի վրա, այն էլ մի ժամանակ, երբ դեռ ուժի մեջ էր սովետա-գերմանական բարեկամությունը: Այդ առիթով կան Սեմյոն Բուռեվի ցուցմունքները, որն ինձ հետ մեկնել էր Բեռլին և մասնակցել բանակցություններին, ինչպես և այլոց ցուցմունքներ»:
Այս անհերքելի փաստերը, իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիները լղոզում են իրենց մեդիառեսուրսներով, որոնք Ռուսաստանում, ին՞չ խոսք, կարողանում են կեղծիքն իրականության տեղ մատուցել: Բայց, խոշոր հաշվով, իրականությունը դրանից չի փոխվում. ռուական կողմը քայլ առ քայլ հասկանում է, որ Նժդեհը հայկականության սիմվոլն է և հակաթուրքականության մարմնացումը: Այս հավերժ թվացող պայքարի մեջ կարևոր է իրականության համակողմանի ընկալումը։ Այստեղ հայտնի « կուշտ գայլերի և կենդանի գառների »սկզբունքը չի աշխատում. այստեղ դու կա’մ հարգում ես ազգի կերպարայինը, կա’մ քո դեմ ավելորդ թշնամանք ես հարուցում:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով