Իտալացի սենատորները այցելել են Արցախ

Իտալիայի սենատի արտաքին գործերի և փախստականների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիտո Պետրոսելիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ-խմբ) շրջան։ Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ Իտալիայի սենատի անդամները գործակալության հետ զրույցում ասել են, որ իրենց աչքերով տեսել են այսպես կոչված օկուպացիայի շրջանում Հայաստանի իրականացրած վանդալիզմը։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում իտալացի հյուրերը եղել են Ակնայի կենտրոնական մզկիթում, ինչպես նաև ծանոթացել են դրամատիկ թատրոնի ավերակներին։ Իտալացի հյուրերին տեղեկություններ են հաղորդել հայերի իրականացրած ենթադրյալ ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատմական, մշակութային, կրոնական հուշարձանների ոչնչացման մասին։

Ադրբեջանական լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախքան օկուպացիան Ակնան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև ողջ Ադրբեջանի ամենամեծ և ամենազարգացած քաղաքներից մեկն էր։ Նշվել է, որ Ակնայում և շրջակայքում հայերը ավերել, կողոպտել և ոչնչացրել են այնտեղ առկա տները, հասարակական շենքերը, դպրոցները, հիվանդանոցները և գործարանները։

Հիշեցնենք, որ Ակնայի շրջանը, Արցախի անվտանգության գոտու մեջ մտնող 7 շրջաններից մեկն էր, որը հայկական զինված ուժերը ազատագրել էին 1993թվականի հուլսին և իրենց վերահսկողությունը շարունակել են պահպանել նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում։ Նախորդ տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ակնայի շրջանը՝ Քարվաճառի և Քաշաթաղի (Լաչին) շրջանների հետ միասին հանձնվեց Ադրբեջանին։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով