Ինչու՞ եմ ես այդքան վստահ, որ Ռուսաստանը չի թողնելու Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մանդատը։

Ինչու՞ եմ ես այդքան վստահ, որ Ռուսաստանը չի թողնելու Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մանդատը։ Իհարկե, տիեզերական օրենքով ամեն ինչ հարաբերական է, ոչինչ հավերժ չէ, խոսքը վերաբերում է մեզ առավել հետաքրքրող ժամանակամիջոցին, իսկ դա այնքան հարաբերական երկարություն ունի, որի ընթացքում կարող են նաև նոր աշխարհակարգեր ձևավորվել, ուժերի հարաբերակցություններ ու քաղաքական շահեր փոխվել։ Կրեմլում շատ լավ են տեսնում Անկարայի ծավալապաշտական նկրտումներն ու պանթուրքիզմի պատմական երազանքի իրականացման ձգտումները և այս առումով կայսրը պարզապես չի կարող ամբողջությամբ կորցնել տարածաշրջանը, քանի որ պանթուրքիզմը սպառնում է նաև իր տարածքային ամբողջականությանը։ Տարածաշրջանային երեք պետությունները բաժանված են ազդեցության գոտիների, որոնցից առնվազն երկուսը` Վրաստանն ու Ադրբեջանը արդեն դուրս են կայսեր ազդեցությունից, տակը մնում է Հայաստանը, որը զիջելուց հետո Ռուսաստանը անմիջական սահմանային շփման գիծ է ունենալու Թուրքիայի հետ, իսկ որոշ ժամանակ հետո անդրկովկասյան մուսուլմանական ժողովուրդները ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման պահանջով պլեբիսցիտ են իրականացնելու և միանան Թուրքիային։ Ասեմ, որ նույնը սպառնում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային տարածքներին` Ատրպատականին, կամ Ազերբայջանին, որի անունը յուրացնելով ժամանակին Թուրքիան հեռահար նպատակներ հետապնդելով` ստեղծել էր Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը, որի ժողովուրդը մինչև 1936 թվականը նույնիսկ չի ունեցել էթնիկ նկարագիր։
Կարծում եմ նշածս արգումենտները արժանահավատ են, իսկ ինչ վերաբերում է հակամարտության վերջնական կարգավորմանն ու կարգավիճակին, ապա պետք է հասկանանք, որ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կախված է Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակից, ուստի Կրեմլը, ինչպես 94-ին, 30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր և վաղը շահագրգռված չի լինելու վերջնական լուծումով, հատկապես Ադրբեջանի օգտին, այնպես որ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանի կազմում թողնելու մասին խոսակցությունները, իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվել Բաքվից` մեզ խուճապի մատնելու և անորոշությունից դրդված արտագաղթելու նպատակով։ Խաղաղապահների ներկայությունը անվտանգության հստակ երաշխիք է ստեղծում, բացառում պատերազմի հավանականությունն ու զարգացման և բնականոն կենսագործունեության պայմաններ ապահովում, իսկ նրանց ներկայությունը վստահաբար կարող ենք ասել ժամանակավոր չէ, ուստի անվտանգության առումով անհանգստանալու կարիք չկա։
Ինչ վերաբերում է հեռու ապագային և ինչ որ բան փոխելու հնարավորությանը, ապա դա մեծ հաշվով կախված է աշխարհաքաղաքական հետագա զարգացումներից ու վերադասավորումներից, անհնար ոչինչ չկա, շարժումը սկսելու ժամանակ Շուշին թշնամու վերահսկողության տակ էր, որտեղից անընդհատ հրետակոծվում էր Ստեփանակերտը, ստրատեգիական առումով այսօրվա քարտեզը շատ քիչ տարբերություն ունի այն ժամանակ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներից, եթե տեխնիկական նման առավելությունը չլիներ, ապա հայ զինվորը այսօր էլ անպարտելի է։

Քաղաքագետ-վերլուծաբան Ժիրայր Ազիզյան

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով