«Իմ քայլը» հակված է համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալուն

 

«ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունել»,- լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

«Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն: Այս պահին քննարկումներ են ընթանում»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ քննարկումներից հետո իրենց դիրքորոշումը կհայտնեն:

Քննարկումը ներառում է տարբեր սեգմենտներ: Մակունցի վստահեցմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին փաթեթը եղել է բավականին ներառական, մասնակցություն են ունեցել տարբեր ուժեր:

Անդրադառնալով հարցին, թե կփոխեն միայն ընտրակա՞րգը և անցում կկատարեն ամբողջությամբ համամասնականի՞, թե՞ այլ փոփոխություններ էլ կընդունվեն՝ Մակունցն ասաց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում, և այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, նաև փոփոխությունները պետք է իրատեսական լինեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար»:

Անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեն, ԼՀԿ-ի հետ պայմանավորվածությունները ջուրը կընկնեն, Մակունցն ասաց, որ եթե հասկանան, թե պայմանավորվածությունն ինչ է ամբողջապես ներառում, այդ ժամանակ կմեկնաբանի:

Մակունցը նշեց նաև, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ցուցակի մասին այլ քննարկումներ և հրապարակումներ անելը դեռ վաղ համարեց:

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով