Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկության դեպքում կարող էր ներխուժել Հայաստանի տարածք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախյան պատերազմի ընթացքում ցանկության դեպքում հեշտությամբ կարող էին ներխուժել Հայաստանի տարածք։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականը, Ալիևը այս մասին ասել է Թյուրքական խորհրդի անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում։

Ալիևը ընդգծել է, որ հայկական կողմը հերթական սադրանքը հրահրեց, երբ այսպես կոչված Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիում իրականացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։ ՈՒշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը Արցախի Հանրապետության իշխանություններին անվանում է «խունտայի անօրինական ռեժիմ»։

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ Ադրբեջանի ժողովրդի համար մեծագույն վիրավորանք էր, որ Արցախի իշխանությունները որոշում էին կայացրել խորհրդարանը տեղափոխել Շուշի։ Իլհամ Ալիևը ասել է, որ դա նույնպես իր երկրին ուղղված սադրիչ քայլ էր, և շենքը, որը կառուցվում էր Արցախի խորհրդարանի համար առաջիկայում կքանդվի։ «Դա վիրավորանք էր Ադրբեջանի ժողովրդի հասցեին»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդը հավելել է, որ Հայաստանը սադրում էր Ադրբեջանին, որպեսզի վերջինս կոշտ քայլեր ձեռնարկի և հետագայում Ադրբեջանին մեղադրի հակամարտությունը ձգձգելու համար։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Ինչ վերաբերում է նախորդ տարի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան մարտերին, Ադրբեջանի նախագահ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանը ռազմական սադրանքի էր դիմել Ադրբեջանի դեմ՝ կրակի տակ պահելով ադրբեջանական դիրքերը։ Նրա խոսքով Ադրբեջանը չի հատել հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ Ադրբեջանը չէր պատրաստվում պատերազմ վարել Հայաստանի տարածքում։ Ալիևը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե իրենք ցանկանային, ապա կարող էին հեշտությամբ ներթափանցել Հայաստանի տարածք։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով