Թուրքիան և Եգիպտոսը նախատեսում են բարեկամության խումբ ստեղծել

Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության պատգամավոր Բյուլենթ Թուրանը հայտարարել է, որ իշխող կուսակցությունը մեջլիսի ղեկավարությանը Թուրքիայի և Եգիպտոսի միջև բարեկամության խումբ ստեղծելու առաջարկ է ներկայացրել։ Ինչպես փոխանցում է Թուրքիայի պետական TRT Haber լրատվական գործակալությունը, Թուրանը ընդգծել է, որ շուրջ 8 տարի կասեցված երկկողմ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են։

Պատգամավորի խոսքով երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու առաջին քայլը կատարել է Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը։ Թուրքիայի մեջլիսի նախագահ Շենթոփը հայտնել է, որ բարեկամական խումբը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։

Շենթոփը նաև շեշտել է, որ Եգիպտոսի և Լիբիայի համար բարեկամական խմբերի ստեղծումը կարևոր է, քանի որ բարեկամական խմբերը խորհրդարանական դիվանագիտության առաջատար խումբն են։ «Չնայած մի շարք ոլորտներում միջխորհրդարանական կապեր են հաստատվում, այնուամենայնիվ դրանց սկիզբը բարեկամական խմբերն են։ Կարծում եմ դրանք օգտակար կլինեն։ Բարեկամության խմբերի ստեղծման հարցում ձեռնարկվող քայլերը գոհունակությամբ եմ ընդունում»,-ասել է Թուրքիայի մեջլիսի նախագահը։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները տարիներ շարունակ լարված էին այն բանից հետո, երբ Եգիտոսի բանակը տապալելով Մուլուլման Եղբայրներ կուսակցության անդամ, նախագահ Մուհամեդ Մուրսիին և իշխանությունը իր ձեռքը վերցրեց։ Վերջինիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձ դաշնակիցն էր։ Նախորդ տարի Եգիպտոսը հայտարարել էր Հունաստանի, Կիպրոսի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Ֆրանսիայի հետ միասին հակաթուրքական դաշինք ստեղծելու մասին՝ Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմագրավելու համար։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով