Թուրքիան և Ադրբեջանը փոխադարձաբար չեղարկում են վիզային ռեժիմը

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները ապրիլի 1-ից սկսած փոխադարձ կարող են ճանապարհորդել առանց վիզայի՝ ներկայացնելով միայն անձնագիր։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։
Արձանագրությունը, որը երկու երկրների քաղաքացիներին թույլատրում է ճանապարհորդել առանց վիզաների, ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում։ Թուրքիայի նախագահը Բաքու էր այցելել մասնակցելու Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի զորահանդեսին։

Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված արձանագրության վավերացման գործընթացը ավարտվել է, և այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։ Նշենք, որ պաշտոնական Անկարան տարիներ առաջ էր Ադրբեջանի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը, սակայն Թուրքիայի քաղաքացիները Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար պետք է նախապես վիզա ստանային։

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ապրիլի 1-ի դրությամբ ուժի մեջ մտնող Ադրբեջանի հետ նոր կարգավորումը էլ ավելի կամրապնդի հզոր եղբայրական կապերը, որոնք հիմնված են մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի վրա»։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով