Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թեքիրդաղի նահանգում Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը պղծելու կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել։ Այս մասին նախարար Սոյլուն գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը շնորհավորել է այս հարցում ոստիկանության գործադրած ջանքերը՝ նշելով, որ Աթաթուրքի արձանի վրա սկանդալային գրառում կատարելու մեջ կասկածվող քաղաքացին ձերբակալվել է։ Սոյլուն մասնավորապես ընդգծել է, որ Թուրքիայի ոստիկանությունը 2 օր շարունակ մանրամասն վերլուծություն և աշխատանքներ է իրականացրել՝ կասկածյալին հայտնաբերելու համար։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի Թեքիրդաղի նահանգի մի քանի դպրոցների բակում տեղակայված Մուսթաֆա Քեմալի արձանների ուղղությամբ հարձակումներ են իրականացվել, ինչպես նաև արձանների վրա ներկի միջոցով վիրավորական արտահայտություններ են գրվել։ Բացի այդ Աթաթուրքի դեմ նաև դպրոցի դռների վրա են գրառումներ կատարվել։
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի արձանների նկատմամբ իրականացված հարձակումները Թուրքիայում լուրջ քննադատությունների պատճառ դարձան։