Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես տեղեկացնում է Թուրիքայի ՊՆ պաշտոնական կայքը, հանդիպումը կայացել է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Երկու պաշտոնյաները քննարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մանրամասները, որոնք մեկնարկել էին ապրիլի 6-ից։ Հուլուսի Աքարը հայտնել է, որ այս, ինչպես նաև փետրվարի 1-ից 12-ը կայացած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ուղղված են երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության զարգացմանը և նպատակ ունեն ամրապնդել առկա համագործակցությունը։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Աքարը մեկ անգամ ևս շնորհավորել է Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրած հաղթանակի կապակցությամբ։ Աքարը ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական եղբայրությունը, միությունը և միասնականությունը, որոնք հիմնված են մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի վրա, էլ ավելի ամրապնդվեց Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ազատագրմամբ»։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքներին, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ասել է, որ Թուրքիան սակրավորներ է ուղարկել Արցախ, և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանները պետք է կարճ ժամկետում ականազերծվեն։ Աքարը մասնավորապես նշել է․ «Մեր սակրավորները ամենակարճ ժամկետում Ղարաբաղը մաքրելու են ականներից և մեծ ջանքեր կգործադրեն այնտեղ կյանքը բնականոն դարձնելու համար», — ընդգծել է թուրք նախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է artsakhspeaks,am -ը, ապրիլի 6-ին, մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ իրականացվող հերթական զորավարժությունները