Թբլղուի յուրաքանչյուր բնակիչ իր ապագան միմիայն հայրենիքում է տեսնում. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Թբլղու համայնքը 125 բնակիչ ունի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թբլղուի համայնքապետ Էդիկ Մարկոսյանը:

«44-օրյա պատերազմից հետո համայնքում տեղահանված 15 բնակիչ է հաստատվել: Գյուղը դպրոց չունի. 27 աշակերտները հաճախում են հարևան Քոլատակի դպրոց: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնց շենքերը վերանորոգման կարիք ունեն: Գյուղամիջյան և գյուղը մայրուղուն կապող ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում»,-ներկայացրել է համայնքապետը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ Թբլղուն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, բայց գազաֆիկացված չէ: Է. Մարկոսյանը ցավով տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմում մեկ համագյուղացի է զոհվել, երկուսն էլ վիրավորվել են: Խոսելով բնակչության զբաղվածության ու ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը հավաստիացրել է, որ նրանք իրենց ապագան միմիայն հայրենիքում են տեսնում և շարունակում են շենացնել ու զարգացնել այն:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով