Ընդդիմադիր պատգամավորը ԱՀ նորընտիր նախագահից ակնկալում է վճռականություն և որոշում կայացնելու ունակություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր գործընկերների անունից շնորհավորեց Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում ելույթի ժամանակ Մանուկյանը նշեց, որ խորհրդարանի մեկնարկող նստաշրջանի օրակարգում թերևս կարող էր առաջին կետը լինել սեպտեմբերի 9-ին Արցախի ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված Հայաստանի խորհրդարանի կողմից ողջույնի ուղերձ հղելու հարցը։

«Ամեն դեպքում, Հայաստանի ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել Արցախի Հանրապետության քաղաքացիներին, որոնց ներկայացնող Ազգային ժողովը հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքը ամբողջությամբ գիտակցելով, առաջին իսկ քվեարկությամբ 22 «կողմ» ձայնով Արցախի Հանրապետության նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։ Շատ պատասխանատու փուլ է Արցախի համար, երբ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերներ՝ քաղաքական, ռազմական, ներքին, հումանիտար, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդը ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ դատապարտել են Արցախի նախագահի ընտրությունը։ Պատգամավորի համար նաև զարմանալի է  այն հանգամանքը, որ  պաշտոնական Երևանից մինչև օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին չի հղվել։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով