Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, թուրքական բայրաքթար անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշմանը։ Ինչպես իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է Բայրաքթարը, Բայդենի ընդունած որոշումը կեղտոտ է և քաղաքական։
Բայրաքթարը մասնավորապես շեշտել է, որ Բայդենի կողմից ընդունված որոշումը քաղաքական է, և այն չունի բարոյական, իրավական, պատմական և համընդհանուր հիմքեր: Վերջինս հայտնել է, որ Միացյալ Նահանգներում այսօր առկա է էթնիկ խտրականության և բռնության ամենացավոտ պատկերը՝ մասնավորապես այդ հողի վրա մարդկանց սպանությունների ցուցանիշները։
Էրդողանի փեսան նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ում նախկինում իրագործվել է հնդիկների ցեղասպանությունը, ինչպես նաև մի շարք անարդար պատերազմներում միլիոնավոր մարդիկ են կոտորվել։ Բայրաքթարը նաև նշել է, որ Թուրքիայի իշխանությունները ստիպված էին ժամանակին հայերի տեղահանությունը իրականացնել, քանի որ վերջիններս կայսերական գաղութարարների դրդմամբ համագործակցում էին Օսմանյան կայսրության թշնամիների հետ։