Հացահատիկի գործարքի վերականգնմանն անհրաժեշտ կոնկրետ պայմանների հարցերը կլինեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի նախատեսված բանակցությունների օրակարգում, համաշխարհային կազմակերպության Գլխավոր վեհաժողովի բարձրամակարդակ շաբաթվա ընթացքում։Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրն Անկարայում, փոխանցում է news.am-ը:
«Երեկ ՄԱԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ նախատեսում է հանդիպում հացահատիկի հարցով, այդ թվում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հիշում եք, մեր նախագահն ավելի վաղ խոսել էր պայմանների կատարման մասին հացահատիկի միջանցքի վերականգնման համար եւ ՄԱԿ-ի հետ աշխատանքը շարունակելու պարագայում։ Սպասում ենք, որ ԱՄՆ-ում այդ հանդիպման ժամանակ կքննարկվեն գործարքի արդյունավետ եւ արագ վերականգնման կոնկրետ պայմանները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հիշեցրել է, որ Անկարան մտադիր էր խնդրել ՄԱԿ-ին լրամշակել առաջարկները ՌԴ-ի համար հացահատիկի գործարքի համատեքստում՝ հստակեցնելով նախաձեռնվելիք միջոցները։ Օրակարգում է Ռուսաստանի ղեկավարությանը այդ պայմանավորվածությունների վերաբերյալ նոր նամակի ուղարկումը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը, «այս փուլում արեւմտյան երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն եւ կատարեն ՌԴ-ին տված խոստումները», այդ թվում նավերի ապահովագրման եւ բանկային ոլորտից սահմանափակումները հանելու գծով։ Նա նաեւ ընդգծել էր, որ հարցը միայն հացահատիկը չէ, այլեւ ռուսական պարարտանյութերի արտահանումը, եւ դրան «թեթեւամտորեն վերաբերվել չի կարելի»։