Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդապեշտից ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում տարած հաղթանակը բնութագրեց ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը:
Այն հարցին,թե բարդ էր նրան տրվել օլիմպիական ուղեգիրը, նա պատասխանեց.
<<Չէի ասի, թե բարդ տրվեց ինձ օլիմպիական ուղեգիրը, հաղթանակը եզրափակիչում, որովհետև հոգեբանորեն պատրաստ էի և լավ մարզավիճակում էի գտնվում: Երբ լավ մարզավիճակում ես լինում և հոգեբանական առումով պատրաստ ես լինում հաղթելու, ոչինչ չի կարող քեզ խանգարել հաղթանակի ճանապարհին: Մրցաշարից առաջ մի պահ հետադարձ հայացք գցեցի, հիշեցի՝ ինչ ճանապարհ եմ անցել, որն է եղել այդ ճանապարհի գերնպատակս: Եվ այժմ պահն է, որ վերցնեմ մասնակցության իմ իրավունքը ու շարժվեմ դեպի Օլիմպիական խաղեր: Ու այս պարագայում այլևս հետնահանջի տարբերակ չկա, պետք է ամեն գնով տրամադրվեի, պատրաստվեի, որ հենց առաջին վարկանիշայինից ապահովեի ուղեգիրը>>:
Պատասխանելով այն հարցին,թե ինչպես է տրամադրված օլիմպիական պայքարին՝ ասաց.
<<Իմ ուժերի չափով ինչ կարող եմ, կանեմ: Օլիմպիական խաղերի հետ կապված առանձնահատուկ տրամադրվածություն չունեմ և փորձում եմ չունենալ: Մրցագորգը նույնն է, մրցակիցներս՝ նույնպես, միայն մրցաշարերի անուններն են տարբեր՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, նույն կերպ էլ Օլիմպիական խաղեր: Ինչպես իմ առավելագույն հնարավորություններով պատրաստվում եմ մյուս մրցաշարերին, այնպես էլ կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին: Հայաստան վերադառնալուց հետո մեկ շաբաթ կհանգստանամ և կսկսեմ Տոկիոյի նախապատրաստական փուլը: Այստեղ էլ կարևորը լավագույն մարզավիճակ ունենալն ու հոգեբանորեն պատրաստ լինելն է>>: