Գումարտակի հրամանատարը ձերբակալվել է` մարտադաշտն ինքնակամ լքելու մեղադրանքով

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարը ձերբակալվել է` մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ի.Վ.-ն , Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով Արցախի Հանրապետության ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Քննչական կոմիտեից մեզ հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հրամանատար Ի.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և վերջինս տեղափոխվել Հայաստանի Հանրախետության ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով