Արցախում հրադադարից հետո 11 մարդ է զոհվել, 68-ը՝ վիրավորում ստացել. Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ամփոփել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմի` Արցախի բնակչության հանդեպ իրականացրած հանցավոր գործողությունների վիճակագրությունը։

Դրա համաձայն` մեկ տարվա ընթացքում Արցախի հայկական բնակավայրերի մոտ տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն, որոնցով հարուցվել է 43 քրեական գործ։

«Թեև Եռակողմ հայտարարությամբ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելու, Արցախը հայաթափելու ծրագրավորված և համակարգված գործողությունների»,– նշում է Արցախի ՄԻՊ–ը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով 1 տարվա ընթացքում սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձ է կատարվել 24 քաղաքացիական և 44 զինվորական անձանց նկատմամբ, տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ են ստացել 9 քաղաքացիական և 28 զինվորական անձ, ֆիզիկական բռնության են ենթարկվել 6 անձ, սպանության սպառնալիքի` 2-ը:

Սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով Արցախի քաղաքացիներին պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս։ Խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց, 2 շինարարական տեխնիկա։ Հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակ:

«Անցած մեկ տարվա ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերից պարբերաբար կրակոցներ են արձակվել, որոնց գնդակները թափվել են տների տանիքներին կամ հասարակական վայրերում՝ դրանով իսկ ոտնձգելով խաղաղ բնակչության հոգեբանական անձեռնմխելիության դեմ»,– նշում է Արցախի ՄԻՊ–ը։

Գեղամ Ստեփանյանը նաև հայտնում է, որ արձանագրված բոլոր դեպքերի և դրանց հետևանքների մանրամասների վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով