Արցախում խաղողի և նռան այգիների այս տարվա բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ են. ոլորտի պատասխանատու

Նախորդ տարվա համեմատ խաղողի համախառն արտադրանքի ցուցանիշն այս տարի աճել է ավելի քան 16 տոկոսով, իսկ նռանը՝ 47 տոկոսով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը:

«Նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են նոր հիմնադրված այգիների տարածքները: Վերջին տարիներին նռան այգիների տարածքների ընդլայնումը դրական արդյունք է տվել. տարեցտարի ավելացել է նաև այգեգործությամբ զբաղվողների թիվը: Պատերազմից հետո, երբ հողային ռեսուրսները խիստ նվազել են, շեշտը դրվել է ինտենսիվ այգեգործության զարգացման վրա: Ճյուղի զարգացման և ընդլայնման նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ նոր այգիների հիմնադրում, կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրում»-ասել է նա՝ հավելելով, որ այգիների մշակման և խնամքի աշխատանքներն ընթացել են բնականոն հունով:

«Բերքահավաքն իրականացնելու համար աշխատուժի պակաս չկա, աշխատանքները կազմակերպվում են պատշաճ մակարդակով, իսկ սահմանամերձ տարածքներում անհրաժեշտության դեպքում ներկա են լինում նաև խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները»,-հավաստեց Ա. Բադալյանը: Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ խաղողի բերքն ընդունում և վերամշակման աշխատանքներն իրականացնում են տեղական կազմակերպությունները: Մյուս պտղատեսակների բերքն էլ հողօգտագործողները իրացնում են ինչպե՛ս տեղական շուկայում, այնպե՛ս էլ ՀՀ-ում: Անդրադառնալով այգեգործության զարգացման համար Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերին, մեր զրուցակիցը, հայտնել է, որ նախատեսված է տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորում և այգիներում կարկտապաշտպան ցանցի տեղադրման դեպքում՝ անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում: «Գործում է նաև «Արցախի Հանրապետությունում այգիների տարածքներում ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման ծրագիրը» որի շրջանակներում այգիների ոռոգման համար նախատեսվում է էլեկտրաֆիկացում՝ էլեկտրագծերի և (կամ) ենթակայանների ձեռքբերում և տեղադրում կամ դրանց վերանորոգում»- ավելացրել է Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով