«Դինամո» մարզահամալիրում անցկացվել է Հայաստանի սամբոյի առաջնությունը, որի ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սամբիստներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Ապրիլի 18-ին Հայաստանի սամբոյի առաջնությունն անցավ առանց նրանց մասնակցության և տղաների։ Երկրի առաջնությունների հավերժ չեմպիոն հռչակվելու մասին պատվոգրերը ստացան հարազատները: Հայկական սամբոն պատերազմում ունեցել է 10 նահատակ և 14 վիրավոր: Հայրենիքի պաշտպանության գործում զոհվել էին Գոռ Սարգսյանը, Դավիթ Բաբաջանյանը, Դավիթ Շահնազարյանը, Սամվել Սահակյանը, Նարեկ Երիցյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ղազարյանը, Զավեն Մկրտչյանը, Պատվական Հարությունյանը և Հունան Մանվելյանը: Նրանք արժանացել են երկրի առաջնությունների «հավերժ չեմպիոն» կոչմանը, իսկ պատվոգրերը ստացել են հարազատները», – նշված է հաղորդագրության մեջ: