Ապրիլի 27-ին ԱՀ ԷԳ նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանն, ուղեկցությամբ ԷԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ա.Բադալյանի, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Ա. Սողոմոնյանի և ԷԳՆ «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Շինդյանի, հետևել են Ասկերանի շրջանի Խնապատ և Խրամորթ համայնքների վարչական տարածքներում ցանքատարածություններին կից հատվածներում մոլախոտային բուսածածկի դեմ սրսկման գործընթացին:
Գործողությունը կատարվել է բելառուսական մելիորատիվ սրսկիչով, որն ունի վերև ներքև շարժվելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս, բացի մոլախոտային բուսածածկից, սրսկել բարձր թփուտներն ու մացառները, որոնք հանդիսանում են հրդեհի բռնկման և տարածման պատճառ:
Միջոցառումն իրականացվել է ԱՀ շրջաններում ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ տարածքներում առատ տեղումների հետևանքով փարթամորեն աճած մոլախոտային բուսականության դեմ պայքարի աշխատանքների շրջանակում:
Հանրապետությունում նմանատիպ աշխատանքներ նախատեսվում է իրականացնել շուրջ 400 հեկտարի վրա:
Այցի ընթացքում իրականացվել է նաև աշնանացան հացահատիկայինների ցանքսերի դիտարկում:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից