Արդյո՞ք Մաղավուզի հանքի գործով հարցաքննվելու են Սերժ Սարգսյանը և նրա փեսա Հայկ Խաչատրյանը

Վերջերս արցախցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը գրել է․

«Երեկ դիմում եմ ներկայացրել ԱՀ դատախազություն՝ Մաղավուզի հանքի պետականացման առնչությամբ։ Դիմումի մեջ շարադրել եմ այն բոլոր հիմնավոր կասկածներն ու փաստարկները, որոնք, ի մի բերելով, համոզվում ես, որ տեղի է ունեցել հանցավոր գործարք, ինչի հետևանքով պետությանն է հասցվել առանձնապես խոշոր չափերի վնաս։
Գիտե՞ք, հարցը նրանում չէ, որ նման գործարք է տեղի ունեցել, քանզի գիտեմ, որ նմանատիպ հանցավոր գործարքներ էլի են տեղի ունեցել, այլ այն է, որ այդ գործարքի բացահայտումից հետո, երկրի ղեկավարությունը շատ ավելի ստոր քայլի է գնացել՝ շատ պրիմիտիվ կերպով մոլորության է մատնել մի ամբողջ հասարակություն, և միայն այդ փաստը հերիք է, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»:

Հիշեցնենք, որ հանքի շուրջը տեղի ունեցած ֆինանսական հանցագործությունների մասին խոսում էր նաև մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։
Ինչպես հասկանում ենք, Մաղավուզի հանքի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Քրեական գործ՝ որպես այդպիսին, արդեն հարուցվել է։ Այս գործում շատ շատերը կարող են ընդգրկվել։ ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարներով Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանի կողմից ձեռք բերված Մաղավուզի քարածխի հանքը վերջում փաստացի մնացել է Արցախի ժողովրդի վզին։ Փաստացի Մաղավուզի հանքի շուրջ իրենց պատասխանատվության բաժինն ունեն նաև Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Արդյո՞ք սույն գործի շրջանակներում հարցաքննվելու են Սերժ Սարգսյանը և նրա փեսա Հայկ Խաչատրյանը։ Արդյո՞ք հարցաքննվելու են պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը և ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հասարակությունը արդար քննության է սպասում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով