Ավելի քան 17,8 միլիոն ձայն. Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին հաղթում է նախագահական ընտրություններում

Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 28,6 միլիոն ձայների ավելի քան 50 տոկոսը: Այս մասին հայտարարել է նախընտրական շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր հայրենակիցների 28,6 միլիոնը մասնակցել է ընտրություններին: Հաշվի առնելով, որ ձայների հաշվարկը շարունակվում է, սրանք նախնական տվյալներ են: Այնուամենայնիվ, Իբրահիմ Ռաիսին մինչ այս ստացել է ավելի քան 17,8 միլիոն ձայն, Մոհսեն Ռեզաին՝ ավելի քան 3,3 միլիոն ձայն, Հեմաթին՝ ավելի քան 2,4 միլիոն ձայն, Ղազիզադե Հաշեմին՝ մոտ 1 միլիոն ձայն», – հստակեցրել է շտաբի պետը:

Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ տվյալներն արդիական են Երևանի ժամանակով ժամը 10:30-ի դրությամբ: Վերջնական տեղեկատվությունը կհրապարակի Իրանի ներքին գործերի նախարարը:

Հիշեցնենք՝ ի սկզբանե 7 թեկնածու է մրցել Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից 3-ը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, 2 այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի, ինչպես նաև ռեֆորմատոր և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցել ընտրություններին, քանի որ այլևս չէր կարող իր թեկնածությունն առաջադրել:

Փորձագետները կարծում են, որ հաղթանակ կտանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, որին սատարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով