Այս տարվա առաջին եռամսյակի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով

Պետական բյուջեի այս տարվա առաջին եռամսյակի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով: Էական աճ է արձանագրել նաև առևտրի շրջանառությունը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Բյուջեի եկամուտների ու առևտրաշրջանառության ցուցանիշների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց նաև ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առևտրաշրջանառության ու կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 միլիոն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 միլիարդ դրամ։

«Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 միլիարդ դրամ, գործարքների քանակով՝ 6 միլիոն 200 հազար հատ: Հարկային եկամուտների հավաքագրումների մասով կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ՝ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 միլիարդ դրամ, փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 332,9 միլիարդ դրամ։ Դրական տարբերությունը կազմում է 27,9 միլիարդ դրամ։ Հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 միլիարդ դրամ»,- նշեց նախարարը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով