Այսօր պետք է մտածել այլընտրանքային կապուղիների մասին․ մեդիափորձագետ

Բազմաթիվ փորձերից հետո ադրբեջանական ընկերությանը հաջողվել է դառնալ վրացական Caucasus Online-ի 100 տոկոսի բաժնետերը։

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Caucasus Online» ինտերնետային հաղորդակցության հիմնական ալիքի սեփականատեր Խվիչա Մակացարիան օրեր առաջ վաճառել է ընկերության մնացած 51 տոկոս բաժնետոմսերը ադրբեջանցի գործարար, մի քանի ոլորտների պորտֆելներ ունեցող Neqsol Holding ընկերության սեփականատեր Նասիբ Հասանովին, ով համարվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի մտերիմներից մեկը։

Տարածաշրջանի հիմնական ինտերնետ մալուխի ամբողջական սեփականատեր դառնալու ադրբեջանական կողմի ցանկությունը արդեն մի քանի տարվա պատմություն ունի, ասում է վրացագետ Ջոնի Մելիքյանը․ – «Caucasus Online-ը մի քանի IT ընկերությունների միասնություն է։ Սկսեցին ապահովել մեր ինտերնետի 85 տոկոսը, Ադրբեջանի 50 տոկոսը, Վրաստանի 65 տոկոսը։ Ստացվում է, որ իրենք հարավկովկասյան շուկայում լուրջ գործոն դարձան»։ Օֆշորային գոտում գրանցված Caucasus Online-ի բաժնետոմսերի 49 տոկոսը դեռ 2019-ին վաճառվեց ադրբեջանական կողմին՝ առանց գործարքը համաձայնեցնելու Վրաստանի Կապի ազգային հանձնաժողովի հետ։ Ինչից հետո վրացական կողմը փորձ արեց բաժնետոմսերը վերադարձնել սկզբնական վիճակին, ձախողելուց հետո գործը արբիտրաժային դատարան հասավ:

Թե՛ առաջին գործարքը, թե՛ երկրորդը Կապի հանձնաժողովը անօրինական է համարում․ – «Վրաստանի օրենսդրությամբ որևէ ընկերություն, երբ իր բաժնետոմսերը վաճառում է, մինչև հինգ տոկոսը որևէ խնդիր չկա։ 5 տոկոսից ավել եթե վաճառվում է, իրենք պիտի թույլտվություն ստանան այդ հատուկ հանձնաժողովի կողմից»։

Որ դատական կարգով հնարավոր կլինի գործարքը չեղարկել, վրացագետը քիչ հավանական է համարում՝ հաշվի առնելով նաև վրաց-ադրբեջանական հարաբերությունները։ Ավելի հավանական է, որ որոշ տույժ-տուգանքներից հետո ադրբեջանական ընկերությունը վրացական կողմի հետ կգա ընդհանուր հայտարարի․ – «Այսօր արդեն մենք մեր մասին պիտի մտածենք և այլընտրանքային ուղիներ ունենանք։ Բայց փաստ է, որ Ադրբեջանը թե՛ հասարակ ենթակառուցվածքները՝ ավտոճանապարհներ, երկաթգեր, թե՛ այսօր արդեն IT ոլորտը, ամեն ինչը կուտակում է, կենտրոնացնում է իր վրա»։

Ըստ տարբեր հաշվարկների, Հայաստանը արտաքին ինտերնետային թրաֆիկի շուրջ 20 տոկոսը ստանում է Իրանից, գերակշիռ մասը՝ Վրաստանից։ Հայաստանը օգտագործում է ևս երկու մալուխ Ռուսաստանում՝ սևծովյան և ցամաքային։ Բացի այդ, հայկական օպերատորները հանդիսանում են որպես ինտերնետի տարանցիկ օղակ դեպի Իրան ու Աֆղանստան:

Այս գործարքը Հայաստանի համար անբարենպաստ է համարում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, երբ չկա վրացական վերահսկողությունը, ադրբեջանական կողմը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար՝ ինտերնետի անջատումներից մինչև որոշակի սահմանափակումներ․ – «Մյուսը դա հնարավոր կիբերհարձակումներն են, որոնք կարող են իրականացվել հա՛մ ծածուկ, հա՛մ կիսատ թաքնված․․․ Ամեն դեպքում դա իրենց բազմաթիվ տեխնիկական հնարավորություններ է տալիս։ Եվ երրորդը, դա հետախուզական տվյալների հավաքագրում է՝ վիճակագրական տվյալներ և այլն, որը պարզ ա, որ եթե դու գործ ունես մեծ քանակի տվյալների հետ, դու կարող ես լուրջ ինչ-որ եզրակացություններ անել մշակելով էդ տվյալները»։

Հայաստանը, որը ժամանակին ցանկություն ունեցել է այդ ընկերությունից մասնաբաժին գնելու, արդեն ուշացել է քայլեր ձեռնարկելու առումով, ասում է մեդիափորձագետը։ Այսօր միակ հնարավոր լուծումը կարող է լինել այլընտրանքների մասին մտածելը։

Մարտիրոսյանի կարծիքով, Ադրբեջանը շահագրգռվածություն չպետք է ունենա Հայաստան մատակարարվող ինտերնետը խաթարելու․ – «Ես լինեի Ադրբեջանի տեղը, հաշվի առնելով, որ իրանք լավ ներթափանցած են, էս ապատեղեկատվության քանակը, որ հիմա լցված ա մեզ մոտ, ով ինչ ուզում գրում, լցնում ա, ավելի լավ ա պահել, քան․․․ իրենց համար լավ գործիք կարող է լինել»։

Մեդիափորձագետի գնահատմամբ, վատ սցենարի դեպքում մեծ խնդիրները անխուսափելի կլինեն՝ հաշվի առնելով բոլոր ոլորտներում ինտերնետ հասանելիության կարևորությունը։

Հայաստանում ինտերնետ մատակարարող խոշորագույն ընկերություններից «Յուքոմը» առաջարկեց հարցը վերահասցեավորել ԲՏԱ նախարարությանը, իսկ մյուս խոշոր ընկերությունից՝ «Տելեկոմ Արմենիայից» «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին ունեն կապուղիներ, որոնք Եվրոպա են հասնում Ռուսաստանով և աշխատում են այդ կապուղիներն ավելացնելու ուղղությամբ։

այս մասին հաղորդում է ազատություն ռադիոկայանը

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով