ԱՀ նախագահի պաշտոնակատարը ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Սեպտեմբերի 6-ին ԱՀ  նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում ԱՀ-ում ստեղծված իրավիճակն էր:

«Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը: Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին:

Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև առաջիկա ներքաղաքական կարևոր իրադարձությանը՝ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությանը: ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով