ԱՀ ԿԳՄՍ նախարարության կոչը․․․

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կոչը միջազգային կազմակեպություններին․
Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանի իշխանությունների պետական քաղաքականության առանցքային մաս էր դարձել հայկական հուշարձանների մի կողմից անխնա ոչնչացումը, իսկ մյուս կողմից՝ յուրացումը: Առկա են բազմաթիվ փաստեր առ այն, թե ինչպես են անխնա ոչնչացման ենթարկվել հատկապես հայերեն արձանագրություններով հուշարձանները՝ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, որոնք ակնհայտորեն մատնանշում են հայ ժողովրդին պատկանելիությունը:
Ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա այդ երկրի նախագահի կողմից նոր որակ ու ընթացք է տրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը: Ընդամենը ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարցազրույցները միջազգային լրատվամիջոցներին՝ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության պատահականության և օրեր առաջ կատարած հայկական հուշարձաններից հայատառ գրությունների ոչնչացման մասին հրահանգը վերստին փաստում են, որ համամարդկային արժեքներից խոսող Ադրբեջանի նախագահը շարունակում է մի կողմից մոլորության մեջ դնել միջազգային հանրությանը՝ փորձելով ներկայանալ որպես ՛՛քաղաքակիրթ՛՛ երկրի ղեկավար, իսկ մյուս կողմից՝ տարվող իրական քաղաքականությունը ակնհայտորեն փաստում է, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի:
Այլևս ակնհայտ իրողություն է, որ առավել վտանգված է մեր պատմամշակութային ժառանգության հետագա գոյությունը ստեղծված քաղաքական իրավիճակում: Նման վերաբերմունքը ավելի է խորացնում հակամարտությունը՝ ի չիք դարձնելով խաղաղ ճանապարհով այն հանգուցալուծելու միջնորդ երկրների ջանքերը:
Կոչ ենք հղում համամարդկային քաղաքակրթության ճակատագրով մտահոգ միջազգային բոլոր կազմակերպույթուններին՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հանրապետության նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով