Նրանք, ովքեր Հայաստանում հրաման են տվել հրթիռակոծել Գյանջա քաղաքը, պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը նախօրեին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների տեղեկատվության, լրատվության նախարարների, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Գյանջա, ինչպես նաև վերջին պատերազմից հետո եռակողմ հայտարարության շրջանակներում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ-խմբ) շրջան։
Ալիևի օգնականը մասնավորապես նշել է, որ 2020 թվականի հոկտեմբերի ամսին Հայաստանի տարածքից Գյանջա քաղաքի վրա սկադ տեսակի հրթիռներ են արձակվել։ Նրա խոսքով Ադրբեջանը մի քանի սկադ տեսակի հրթիռ է ոչնչացրել, որոնք պատրաստ էին արձակման։ «Այն մարդիկ, ովքեր Հայաստանում հրամայել են Գյանջայի ուղղությամբ հրթիռային հարձակումներ իրականացնել, պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար»,-եզրափակել է Հաջիևը։