Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնել է արդարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ալիևը այս մասին ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսուֆ Բին Ահմադ ալ-Օթայմինին։
Ալիևը շեշտել է, որ իրենք այսպես կոչված ագրեսորներին վտարել են իրենց տարածքներից և այժմ եկել է այդ տարածքները վերականգնելու ժամանակը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա ժամանակ կպահանջի, քանի որ այնտեղ առկա են մեծ թվով ականներ։ Նրա խոսքով այդ ականների պայթյունների արդյունքում պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը տասնյակ զոհեր է ունեցել։
Ադրբեջանի առաջնորդը նաև հավելել է, որ Հայաստանը մինչև այժմ Ադրբեջանին չի տրամադրել Լեռնային Ղարաբաղում առկա ականապատ տարածքների քարտեզները։ Ալիևի խոսքով դա հերթական պատերազմական հանցագործությունն է, քանի որ Հայաստանի դա պարտավոր է անել։ «Նույնիսկ պատերազմի դադարից ամիսներ անց նրանք ադրբեջանցիների նկատմամբ շարունակում են այդ քաղաքականությունը»,-ասել է նա։
Ալիևը ասել է, որ ներկայումս իրականացվում են վերակառուցման, քաղաքների գլխավոր հատակագծերի ստեղծման աշխատանքներ։ Նրա խոսքով Ադրբեջանը ցանկանում է, որ իրենց մուսուլման եղբայրները այցելեն Ղարաբաղ և տեսնեն, թե ինչպես են վարվել Ադրբեջանի պատմական ժառանգության նկատմամբ, ինչպես նաև ականատես լինեն վերակառուցման աշխատանքներին։