Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի այսպես կոչված հնագույն երկրամաս Զանգեզուրը թյուրքալեզու աշխարհը միավորելու դեր կխաղա։ Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ Ալիևը այս մասին ասել է Թյուրքական խորհրդի անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում։
Ալիևը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո նոր հնարավարություններ են ստեղծվել, որոնցից ամենակարևորը իր կարծիքով տրանսպորտային ենթակառուցվածքների հնարավություններն են։ Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ներկայումս Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքները շարունակվում են։
Ադրբեջանի առաջնորդը հայտնել է, որ Ադրբեջանի «հնագույն երկրամաս» Զանգեզուրը կստանձնի թյուրքալեզու աշխարհին միավորելու առաքելությունը։ Ալիևի խոսքով Զանգեզուրի տարածքով անցնող ենթակառուցվածքային ծրագրերը ոչ միայն կմիավորեն թյուրքալեզու պետություններին, այլ նաև դրանք լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում ուրիշ երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի համար։
Իլհամ Ալիևը շեշտել ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ներկայումս Հայաստանը իր դաշնակից Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն չունի, և այդ հաղորդակցությունը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանը իր հարևան Իրանի հետ նույնպես երկաթուղային հաղորդակցություն չունի, որը կարող է ստեղծվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով։
Ադրբեջանի պետության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ իր երկիրը կմիավորի նաև Թուքրիայի, Միջին Ասիայի և Եվրոպայի հետ։ «Այսինքն նոր տրանսպորտային միջանցք է ստեղծվում։ Ադրբեջանը արդեն սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այս հնարավորություններից»,- ասել է Ալիևը։