Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մշտապես զգացել է թուրք ժողովրդի աջակցությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում թուրք հասարակությունը Ադրբեջանի կողքին է եղել։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականը, Ալիևը այս մասին ասել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանի հետ կայացած հանդիպման ընթացքում։
Ալևը բարձր է գնահատել պատերազմի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած հայտարարությունները։ Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ թուրքական մամուլը կարևոր դեր է ունեցել պատերազմի վերաբերյալ իրողությունները ողջ աշխարհին հաղորդելու գործում։ Ադրբեջանի առաջնորդը նաև նշել է, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետապատերազմական շրջանում թուրքական հասարակությունից մի շարք աջակցող նամակներ է ստացել, ինչը երկու երկրների միջև միասնականության դրսևորում է։
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանն էլ իր հերթին շեշտել է, որ հպարտանում է Ադրբեջանի ունեցած հաջողություններով։ Նա հայտնել է, որ Թուրքիայում ուշի ուշով հետևել են Լեռային Ղարաբաղի պատերազմի ընթացքումն տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ թուրք ժողովուրդը ուրախացել է Ադրբեջանի արձանագրած հաջողություններով։
Փեքջանը իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի հետ։