Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2022 թվականին կմեկնարկի ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ։ Ադբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ալիևը այս մասին ասել է «Նոր հայացք հարավային Կովկասին, հետպատերազմական շրջանի զարգացումը և համագործակցությունը» թեմայով կոնֆերանսի շրջանակներում։
Ալիևը դժվարացել է կոնկրետ ժամկետներ ժամկետներ նշել, թե կոնկրետ ե՞րբ դա տեղի կունենա, սակայն միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ 2022 թվականից սկսած փախստականների առաջին խումբը աստիճանաբար կվերադառնա այդ շրջաններ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկանում է տեղահանված անձանց հնարավորինս շուտ վերադարձնել այդ շրջաններ, սակայն այդ հարցում առկա են մի շարք խնդիրներ։
Ադրբեջանի նախագահի խոսքով այդ գործընթացում ամենամեծ խնդիրը Լեռնային Ղարաբաղում առկա ականներն են, իսկ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ Ալիևը միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանը ունի այդպիսի քարտեզներ։ «Պատերազմից հետո ականների վրա պայթել են շուրջ 100 զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, որոնցից 20-ը զոհվել են։ Քանի որ անակապատ տարածքների քարտեզներ չկան, այդ աշխատանքները երկար ժամանակ են պահանջում»,-ընդգծել է Ալիևը։
Բացի այդ Ադրբեջանի նախագահը ասել է, որ կարևոր հարց է նաև պատճառված վնասի հաշվարկումը, և այդ աշխատանքները նույնպես սկսվել են: Նրա խոսքով Ադրբեջանը պատրաստվում է միջազգային դատարաններում հայցեր ներկայացնել ընդդեմ Հայաստանի: Ալիևը հավելել է նաև, որ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ է բարվոք պայմաններ ստեղծել, և արդեն սկսվել են տարածաշրջանում ավտոմայրուղիների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքները: