Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ միասին նախօրեին այցելել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի (Զանգելան-խմբ) և Մեխակավանի (Ջաբրայիլ) շրջաններ։ Այս մասին տեղեկացնում է Ադբրեջանի նախագահականի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ Ալիևը ընտանիքի հետ միասին այցի ընթացքում եղել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Միջնավան քաղաքում։ Նա ընդգծել է, որ Միջնավանը հնագույն բնակավայր էր, որտեղ կար երկաթգծի կայարան։ Ալիևի խոսքով Արցախյան առաջին պատերազմից հետո երկաթուղին ամբողջապես ոչնչացվել է։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ իր երկիրը դարձյալ երկաթուղի կկառուցի։ Նա նշել է, որ երկաթուղու շինարարության աշխատանքները մեկնարկել են և արդեն իսկ Հորադիզ բանակավայրում դրվել է երկաթուղի հիմքը։ Ալիևը շեշտել է, որ երկաթուղին Ադրբեջանի հիմնական տարածքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով կկապի Նախիջևանին։
Ադրբեջանի նախագահը հայտնել է նաև, որ Մեխակավանի շրջանում արդեն վերականգնվել քաղաքի մուտքի մոտ առկա ցուցանակը՝ իր տեսքով և դիզայնով։ Ալիևը նշել է, որ խորհրդային իշխանության տարիներին տեղադրված ցուցանակը հայկական տիրապետության շրջանում քանդվել ու վնասվել է։
Իլհամ Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանը վերականգնել է պատմական արդարությունը։ Բացի այդ Ալիևը հայտնել է, որ իրենք կվերականգնեն իրենց վերահսկողության տակ անցած բոլոր գյուղերը և քաղաքները։